Գորիսի համալսարանի դեկանը 60 000 դրամ է վերցրել, որպեսզի ուսանողին հեռացնելու առաջարկություն չներկայացնի
Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալբերտ Դինգչյանին մեղադրանք է առաջադրվել հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողի բացակայությունների պատճառով հեռացնելու դիմում ռեկտորին չներկայացնելու համար:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի դատարան և ընդունվել դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթ:
Դեկան Դինգչյանը միջնորդի՝ նույն համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի գործավար-օպերատոր Նաիրա Մարտիրոսյանի միջոցով կաշառք տվող Արմինե Բադալյանի որդուն համալսարանից հեռացնելու վերաբերյալ ռեկտորին առաջարկություն չներկայացնելու համար պահանջել է 80.000 ՀՀ դրամ, ապա համաձայնել 70.000 ՀՀ դրամ ստանալու դիմաց կազմակերպել այն: Այնուհետև Նաիրա Մարտիրոսյանի միջոցով կաշառք է ստացել 60 000 դրամ:
Այնուհետև համալսարանի դասախոսներին դրդել է առանց ուսանողի ներկայանալու նրան դրական գնահատականներ նշանակել, ինչը նրանք կատարել են:
Ալբերտ Դինգչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կաշառք ստանալը և 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական կեղծիք կատարելու մեջ հանցակցելը:
Ուսանողի մորը՝ Արմինե Բադալյանին մեղադրանք է առաջադրվել Դինգչյանին կաշառք տալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալը և 34-312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Միջնորդ դասախոս Նարինե Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել անձամբ Բադալյանից ստացել է 80 000 դրամ՝ ուսանողի 2-րդ կիսամյակի ստուգարքային, քննական առարկաների և կուրսային աշխատանքի գնահատման գործընթացը ուսանողի չներկայանալով կազմակերպելու առաջարկն իրականացնելու համար: Բացի այդ, Գ. Ներսիսյանի՝ դասապրոցեսին չներկայանալու պատճառով համալսարանից չհեռացնելու համար, ուսանողի օգտին իր կողմից անձամբ օգտագործելու նպատակով կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ, դասախոսներին դրդել է դրական գնահատական տալ նրան:
Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշով, 313-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառքի միջնորդության հատկանիշով և 311-րդ և 34-314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: