Ամերիկյան հրթիռային հածանավը մտել է Սեւ ծով
Կառավարվող հրթիռներով հագեցած ամերիկյան Ross հածանավը փետրվարի 16-ին մտել է Սեւ ծով: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ նավը Սեւ ծով է ուղեւորվել «ծովում անվտանգության ապահովման համար գործողություններ իրականացնելու, տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների նավատորմի համատեղելիության ամրապնդման համար»:
«Մենք հավատարիմ ենք Սեւծովյան տարածաշրջանում ուժեղ կապեր հաստատելուն, որոնք չափազանց կարեւոր են մեր խաղաղության եւ կայունության համար», - ասել է հածանավի հրամանատար Բրայան Գալոն:
Ross-ը Arleigh Burke տեսակի հածանավ է, այն հագեցած է Aegis ՀՀՊ համակարգով: Նրա հիմնական հարվածային սպառազինությունը Tomahawk թեւավոր հրթիռներն են: