Ռուսաստանում սկսել են արգելափակել Նավալնիի կայքը
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը սկսել է արգելափակել իր navalny.com կայքը, հայտնում է Ведомости-ն:
«Ռոսկոմնադզոր»-ն անցել է navalny.com-ի արգելափակմանը (գործարար Օլեգ) Դերիպասկայի պահանջով: Որոշ պրովայդերների միջոցով կայքը դեռ բացվում է, բայց դա ժամանակավոր է»,- գրել է Նավալնին Telegram-ում:
«Ռոսկոմնադզոր» ծառայությունը հայտնել է, որ Նավալնիի կայքի երկու էջերի հասանելիությունը, որտեղ տեղադրված է Օլեգ Դերիպասկայի մասին հետաքննություն, ինչպես նաև այդ հետաքննության տեսանյութը, Ռուսաստանում սահմանափակված է:
«navalny.com կայքում տեխնիկապես հնարավոր չէ արգելափակել մեկ էջ»,- լրատվամիջոցին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Փետրվարի 8-ին Ալեքսեյ Նավալնին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան Նորվեգիայում զբոսանավի վրա հանգստացել է ռուս փոխվարչապետ Սերգեյ Պրիխոձկոյի հետ: Նավալնիի կարծիքով՝ այդ ուղևորությունը կարելի է համարել կաշառք փոխվարչապետին: