Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջացավ, երբ այն միացրին Ադրբեջանին. լրագրող Ալեքսանդր Խինշտեյն
ՌԴ լրագրող, Պետդումայի նախկին պատգամավոր, այժմ «Ռոսգվարդիա» դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Ալեքսանդր Խինշտեյնը ներկայացրել է իր «Ատլանտիդայի վերջը. Ինչու Պուտինը երբեք չի դառնա Գորբաչով» գիրքը, որում ուսումնասիրել է ԽՍՀՄ փլուզման պատճառները և փորձել է Վլադիմիր Պուտինին պատկերացնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի դերում, գրում է business-gazeta.ru-ն:
Խինշտեյնը պնդում է, որ եթե 1985 թվականին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը ստանձներ ոչ թե Միխայիլ Գորբաչովը, այլ Վլադիմիր Պուտինը, ամբողջ պատմությունն այլ ընթացք կունենար։ Պուտինի անվտանգության նախկին ղեկավարի խորհրդականը չի կասկածում, որ ՌԴ գործող նախագահը թույլ չէր տա, որ տեղի ունենային բոլոր «աղետները», որոնք հաջորդեցին ԽՍՀՄ փլուզմանը:
Լրագրողը պատմել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում աշխարհաքաղաքական հակամարտությունների մեծ մասը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խորհրդային ղեկավարության անհեռատեսության արդյունքն են:
«1980-ականների վերջին բոլոր թեժ կետերը ստալինյան ազգային քաղաքականության հետևանք են, երբ ոչ մեկ չէր մտածում բացասական հետևանքների մասին: Այդպես առաջացավ Ղարաբաղի խնդիրը, երբ քրիստոնյա հայերով բնակեցված տարածքը միացվեց մահմեդական Ադրբեջանին»,- պատմել է Ալեքսանդր Խինշտեյնը:
Լրագրողը հավելել է, որ «չեն եղել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը», և այդ պատճառով 1991 թվականին ԽՍՀՄ-ը բաժանվել է արհեստականորեն ստեղծված սահմաններով՝ առանց հաշվի առնելու պատմական հանգամանքները: