Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու որոշման արտաքին քաղաքական գործոնները. ադրբեջանցի վերլուծաբանի անդրադարձը
Այս թեմայով
- ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
- Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
- Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
- Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. պայքարում է 8 թեկնածու
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու մասին անսպասելի որոշումը երկրի ներսում թեժ քննարկումներ առաջացրեց, որոնք հիմնականում կենտրոնացան նախագահ Իլհամ Ալիևի որոշման հնարավոր տեխնիկական ու գործնական, ինչպես նաև ներքին խնդիրների վրա, գրում է Ռահիմ Ռահիմովը «Ջեյմսթաուն հիմնադրամ» ամերիկյան հետազոտական կազմակերպության կայքում:
Հեղինակը նշում է, որ անգամ ընդունելու դեպքում, որ Ադրբեջանի նախագահի որոշման պատճառը գլխավորապես արտաքին գործոնները չէին, արտաքին քաղաքական դիտարկումներն, այնուամենայնիվ, հնարավոր է՝ կարևոր ազդեցություն են ունեցել:
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի խոսքով՝ Բաքուն իր ընտրությունները համապատասխանեցրել է Ռուսաստանի և Հայաստանի ընտրությունների հետ, որպեսզի թույլ չտա այս արտաքին ուժերին միջամտել իր նախագահական արշավին:
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Գուդրաթ Հասանգուլիևն Ալիևի որոշման պատճառներ է նշել Ղարաբաղյան հակամարտությունը և արտաքին ուժերը: Նա նշել է, որ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների առաջարկվող թվի աճը դավադրություն է Ադրբեջանի դեմ: Բաքուն դիտարկում է դիտորդների թվի աճը որպես հակամարտության ստատուս քվոն ամրապնդելու միջոց:
Հեղինակը նշում է, որ Ռուսաստանի համար Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ավելի մեծ թիվն ինքնանպատակ չէ: Մոսկվան կարող է փորձել շահարկել հարցի նկատմամբ Բաքվի վերաբերմունքն Ադրբեջանից զիջումներ ձեռք բերելու համար: Մասնավորապես՝ սա կարող է վերաբերել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի հարաբերություններին կամ Կասպից ծովի կարգավիճակին:
Ավելին, Բաքուն դերակատարում է ունեցել Վրաստանով առաջարկվող Ռուսաստան-Հայաստան տրանսպորտային ճանապարհն արգելափակելու հարցում, որը կուժեղացներ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում: Հեղինակը նշում է, որ ԵՄ-Ադրբեջան բանակցություններ են ընթանում գործընկերության համաձայնագրի վերաբերյալ, բայց Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին ներառել ԵԱՏՄ-ում: Սպասվում է, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո Մոսկվան ավելի հաստատակամորեն է պնդելու հետխորհրդային երկրների՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցում, նշում է հեղինակը՝ հիշեցնելով նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանն ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ երկրների թվում:
Բաքվի մտահոգություններն է՛լ ավելի են խորանում ներկա տարածաշրջանային և միջազգային իրողությունների պատճառով: Նրա կարևոր դաշնակից Թուրքիան ներքաշվել է սիրիական հակամարտությունում, իսկ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ավելի քիչ է հետաքրքրված տարածաշրջանով, կամ ընդհանրապես հետաքրքրված չէ: Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի միջև լուրջ լարվածությանը՝ Եվրոպան Ղարաբաղյան հակամարտության հարցում հիմնականում համաձայնվում է ռուսական դիրքորոշման հետ, գրում է հոդվածագիրը: