Համացանցում է հայտնվել Սաակաշվիլիի ձերբակալության տեսանյութը (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է նրա ձերբակալության տեսանյութը:
Տեսահսկման սարքերի նկարահանած տեսանյությում դիմակավորված ուժայինները ներխուժում են Կիեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սաակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան, ըստ որում՝ նրանցից մեկը նրա մազերից է բռնել:
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սաակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»:
Սաակաշվիլիին երկուշաբթի Լեհաստան են արտաքսել, որի տարածքից անցյալ տարվա աշնանը նա ապօրինի Ուկրաինա էր մտել՝ ճեղքելով սահմանապահների եւ իրավապահների պատնեշը:
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է նրա Վարշավա ժամանելը: Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ: Ավելի վաղ նրանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են եղել, մեկին ձեբակալել են
Լեհաստան ժամանելով՝ Սաակաշվիլին ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ «օրինական ճանապարհով»: