«Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայում պատերազմը դատապարտող ակցիաների 666 մասնակից է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է 666 մարդ, որոնք թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողության մեկնարկից ի վեր սոցցանցերում դեմ են հանդես եկել կամ մասնակցել են պատերազմական գործողությունները դատապարող բողոքի ցույցերի:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցները որոշ տեղերում նաև լուրջ բախումներ են ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ և ձերբակալվել պետական անվտանգության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար:
Մի շարք վայրերում նաև բողոքի ակցիաների կազմակերպիչները չեն կարողացել ստանալ տեղի քաղաքապետարանների թույլտվությունը, նրանց արգելել են խաղաղ ցույցեր անցկացնել՝ «երկրում տիրող արտակարգ դրության ռեժիմի պատճառով»:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: