Հայ գիտնականների հայտնագործությունները ներառվել են РИА Новости-ի՝ աշխարհը ցնցած հայտնագործությունների ցանկում
Ռուսաստանում այսօր նշվում է Գիտության օրը. այս կապակցությամբ «РИА Новости» գործակալությունը կազմել է ռուսաստանաբնակ ժամանակակից գիտնականների՝ աշխարհը ցնցած 10 հայտնագործությունների ցուցակը, որում տեղ է գտել երկու հայ գիտնական:
Գործակալության կազմած թոփ տասնյակում ներառվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրի՝ օգանեսոնի հայտնագործությունը հայ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի կողմից, ինչպես նաև՝ Երկիր մոլորակի վերջին մամոնտների վերաբերյալ հայ աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանի հետազոտությունը:
Ժամանակակից ռուսական գիտության ամենանշանակալի ձեռքբերումների ցանկում ներառվել են նաև Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսյոլովի՝ գրաֆենի հետազոտությունը, Գրիգորի Պերելմանի՝ հազարամյակի մաթեմատիկական խնդիրներից մեկի լուծումը և Ժորես Ալֆյորովի՝ կիսահաղորդչային լազերի ստեղծումը:
Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս ու թղթակից անդամ Յուրի Հովհաննիսյանը 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը: 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ: 1969-1970 թթ. նա եղել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր, հանդիսանում է Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի և Մեսինայի համալսարանների պատվավոր դոկտոր։
Աշխարհագրական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդանյանը 1993 թվականին Վրանգելի կղզում առաջին անգամ հայտնաբերել է գաճաճ մամոնտի մնացորդները: Երկիր մոլորակի վերջին մամոնտների մասին Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում, և նրա հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը: