Եղեգնաձորի հյուրանոցի ծեծկռտուքի գործով մեղադրյալներից մեկը ԱԻՆ աշխատակից է
Եղեգնաձորի հյուրանոցներից մեկում Ամանորի գիշերը տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը հնարավոր է՝ շարունակվի Հատուկ քննչական ծառայությունում:
Վայոց ձորի դատախազ Նաիրի Ավագյանը հայտնեց, որ նախաքննությամբ պարզվել է, որ խմբի կազմում խուլիգանություն կատարողներից մեկը հանդիսանում էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակից` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ, ուստի քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում շարունակելու հարցը քննարկելու համար ուղարկվել է գլխավոր դատախազություն:
«Եղեգնաձորի մի խումբ երիտասարդներ, լինելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, առանց որեւէ լուրջ պատճառի, իրենց անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով բռնության եւ որպես զենք օգտագործվող առարկաների` դանակի եւ մետապլաստե խողովակների ձողերի գործադրմամբ, խուլիգանական մղումներով վիճաբանել էին Եղեգնաձորի Երեւանյան խճուղի 1 հասցեում տեղակայված իրենց հանգիստն անցկացնող հայր ու որդի Հայկ եւ Սամվել Գալստյանների հետ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվեցին հանցագործություն կատարած 3 անձանց ինքնությունը, ովքեր խուլիգանություն, բնակարան ապօրինի մուտք գործելու, ինչպես նաեւ բնակարանից ուրիշի գույքի եւ որսորդական հրազենի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին, ապա նաեւ` կալանավորվեցին»,- դեպքի մանրամասները ներկայացրեց մարզի դատախազը:
Նշենք, որ գործի շրջանակում կալանավորվել են հորեղբոր որդիներ Ֆրունզե եւ Վահե Բադալյանները, որոնք նախկին պատգամավոր, Մոսկվայաբնակ գործարար Սամվել Սարգսյանի ազգականներն են: Նշենք, որ Բադալյան եղբայրներից մեկը Ռուսաստանում 3 անգամ դատապարտված է եղել, Հայաստան էր վերադարձել վերջերս եւ վարկած կա, որ ցանկանում էր «օրենքով գող» դառնալ: