Հերոս Կիրանց գյուղը բնակարանաշինության կարիք ունի
Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղը մերօրյա ազատամարտում հերոսության բազում օրինակներ է տվել: Փոքր, փաստացի 384 բնակիչ ունեցող գյուղն այդ ժամանակ 14 զոհ է ունեցել: Համայնքի ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ Կիրանցը սահմանամերձ այն քիչ համայնքներից է, որտեղից արտագաղթ չկա: Գյուղի տղամարդկանց մի մասը, որպես պայմանագրային զինծառայող, այժմ պաշտպանում է սահմանը: Համայնքի ղեկավարի վկայությամբ ՝ գյուղի նորաստեղծ 15 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի:
Կան երիտասարդներ, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, սակայն բնակարանի խնդրի պատճառով չեն ամուսնանում:
Կիրանցում դուռը փակ, չբնակեցված տուն չկա, որ երիտասարդ ընտանիքները դրանք վարձակալեն: Գյուղը շուրջ 100 աշակերտ ունի, նրանք 8-ամյա կրթությունը ստանում են ծննդավայրի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակում Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Սեւքարի, Իջեւանի դպրոցներում:
Համայնքի ղեկավարն ասաց, որ Կիրանցում երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինություն իրականացնելու խնդրանք-առաջարկով դիմել են տարբեր կազմակերպություններ եւ անհատ-բարեգործների, սակայն արդյունք չկա: