Հայաստանը մտադիր են վերածել մի մեծ հանքավայրի
«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանի Հանրապետության 2-րդ պայմանական բլոկում եւս նավթ և գազ որոնել:
Իսկ երկրորդ պայմանական տարածքը Հայաստանի կենտրոնն է՝ Երեւանը, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի տարածքները մասնակի: Ընդհանուր մակերեսը 7 հազար 250 կմ քառ. է:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործարարը լավ գործ է նախաձեռնում, բայց իրականում որոնողական աշխատանքները կարող են ծանր հետեւանքներ ունենալ մեր երկրի համար:
Կարապետյանների «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն, հիշեցնենք, երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնելու հայտ էր ներկայացրել 1-ին եւ 3-րդ ենթաբլոկների համար, այժմ նաեւ՝ 2-րդ բլոկի համար: Աշխատանքներն իրականացվելու են 2018-2023թթ.:
Միանգամից ասենք, որ Հայաստանում ոչ նավթի եւ ոչ գազի արդյհունաբերական նշանակություն ունեցող պաշարներ գոյություն չունեն: Որոնեք որքան ուզում եք, շրջակա միջավայրն աղտոտեք որքան ուզում եք՝ ոչ գազ, ոչ էլ նավթ Հայաստանում գոյություն չունի: Ափսոս է ծախսվող միջոցները եւ բնությունը:
Դեռ անցած դարի երեսունականներին, ապա հիսունականներին եւ նույնիսկ ութսունականների հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, ավելին, Գառնիի մոտակայքից նույնիսկ մի քանի դույլ նավթ են հանել, բայց արդյունաբերական նշանակության ծավալներով հանքեր չեն հայտնաբերվել:
Տարօրինակ է, որ «Տաշիր գրուպում» այս մասին չգիտեն, տարօրինակ է նաեւ, որ մեր երկրի կառավարությունը նրանց նման թույլտվություն է տվել: Մի պահ ենթադրենք, որ Արարատյան դաշտում հանկարծ ու հանկարծ գազի եւ նավթի չնչին պաշարներ հայտնաբերվեն: Պատկերացնո՞ւմ եք, թե մերօրյա ագահ գործարարներն ինչ են անելու բնության եւ գյուղատնտեսության հետ, դրանք արդյունահանելու եւ վաճառելու համար:
Հայաստանը մեկ կամ նույնիսկ տասը տարվա համար չէ, որ այսպես ենք վարվում մեր երկրի հետ:
Top-News.am