Իսկ ո՞ւմ է հետաքրքիր ապտակել է, թե ոչ
Երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածու առաջադրելու է Արմեն Սարգսյանին, գրեթե անմիջապես թիվ մեկ հարցը դարձավ, թե քսան տարի առաջ Վազգեն Սարգսյանն ապտակել է նրան, թե ոչ:
Ամենահետաքրիրն այն է, որ երկու հակադիր ճամբարներն էլ գործում էին նույն ջանադրությամբ: Ճամբարներից մեկը համառորեն պնդում էր, թե ապտակել է, իսկ մյուս ճամբարը՝ թե չի ապտակել:
Ավելին, ճամբարների առավել ծայրահեղական թեւերը այնքան հեռու գնացին, որ ոմանք սկսեցին պնդել, որ ոչ թե ապտակել է, այլ անգամ պատառաքաղով հարվածել պարանոցին, իսկ հակադիր ճամբարում սկսեցին հայտարարել, որ ոչ միայն չի ապտակել, այլ նրանք մոտ ընկերներ էին:
Ընդ որում, մամուլն էլ երկու թեւերի տեսակետները տարածում էր մեծ պատրաստակամությամբ եւ տպավորություն էր ստեղծվում, որ մեր հասարակությանը հենց այդ հարցն է հետաքրքրում:
Իրականում, հասարակությանն այդ հարցը բացարձակ չի հետաքրքրում: Ոչ արցախցուն, ոչ Տավուշի սահմանային բնակավայրերի գյուղացիներին, ոչ Երեւանում օրվա հացի համար կռիվ տվողներին, ոչ կարտոֆիլի բերքը մի կերպ իրացնող գեղարքունիքցուն այդ հարցը չի հետաքրքրում: Նրանց բոլորովին այլ հարցեր են հուզում:
Մնում է հուսալ, որ երկու կողմերն էլ եւ հատկապես մամուլը կսթափվեն եւ վերջ կտան այս արհեստական թեմայի արծարծմանը, գոնե հարգելով Վազգեն Սարգսյանի հիշատակը:
Բոլոր կողմերը պետք է հասկանան, որ այս թեմայի շահարկումը ոչ միայն վիրավորական է Արմեն Սարգսյանի համար, այլ մենք քննարկումը շարունակելով անարգում ենք Վազգեն Սարգսյանի հիշատակը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am