«Գրեմմի-2018»-ին տարվա գլխավոր հիթի՝ Despacito-ի ձախողումը սկանդալ է առաջացրել (տեսանյութ)
Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:
Մի շարք երաժշտական քննադատների ու հանդիսատեսին զայրացրել է այն փաստը, որ նախորդ տարվա հիթը՝ դիտումների քանակով YouTube-ում ռեկորդ սահմանած իսպանալեզու Despasito-ն, որևէ մրցանակի չի արժանացել:
Անարդար որոշման մասին գրել են Forbes-ն ու Vulture-ը, ինչպես նաև երգի բազմաթիվ երկրպագուներ:
Despacito-ն ներկայացվել էր «Գրեմմի-2018»-ի 3 անվանակարգում՝ «Փոփ դուետի կամ խմբի լավագույն կատարում», «Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն»: Չնայած, որ 2017թ. Լուիս Ֆոնսիի ու Դեդի Յանքիի հիթը 16 շաբաթ շարունակ առաջատար դիրք է զբաղեցրել Billboard Hot 100-ում, ճանաչվել է սթրիմինգային ծառայությունների ամենահայտնի երգն ու YouTube-ի պատմության մեջ ամենաշատ դիտված տեսահոլովակը (ավելի քան 4.7 մլրդ դիտում), այնուհանդերձ՝ այն 3 անվանակարգից և ոչ մեկում չի հաղթել:
Երգի երկրպագուները մրցույթի կազմակերպիչներին մեղադրել են «վաճառված» լինելու, ինչպես նաև ռասիզմի համար:
Forbes-ը ենթադրում է, որ հավանաբար, «Գրեմմի»-ի քվեարկողները պատրաստ չեն «Տարվա երգ» անվանակարգում հաղթողի կոչումը շնորհել իսպանալեզու երգի:
Աղբյուրը նկատում է, որ մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում գրանցվել է միայն մի դեպք, երբ այդ անվանակարգում ոչ անգլալեզու երգ է հաղթել: 1959թ. արձանիկը ստացել է իտալական Volare երգը:
Մինչդեռ Vulture-ը նկատում է, որ եթե Despacito-ի պես հիթը բավականաչափ լավը չէ «Գրեմմի»-ի համար, ապա դժվար է պատկերացնել, թե իսպանալեզու ինչ երգ պետք է լինի, որ արժանանա այս մրցանակին: