Քծնեք կովեր՝ կյանքը կարճ է ... կամ Մեհրիբան նախագահ
Չորրորդ նախագահի հանդեպ անմիտ քծնանքը թափ է առնում։ Մի պահ կար շփոթվածություն, մի պահ կար սառնություն, բայց թափանիվը սկսեց աստիճանաբար աշխատել՝ պատգամավորներ, մտավորականներ, գեներալներ, ընդդիմադիրներ եւ մի կին՝ ատամնատեխնիկ: Ցանկը նույնն է։
Պատկերացրեք, եթե Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի փոխարեն նախագահի թեկնածու առաջարկեր Մեհրիբան Ալիեւային կամ ՀՀՇ-ի (ՀՀԿ-ի) Գեւորիկին, ապա նույն քծնողները նույն խոսքերով եւ դեմքի արտահայտությամբ ասելու էին նույնը՝ ինչ հիմա:
Մշտական քծնողի «green cart» ունեցողների համար ինչ տարբերություն։ Մեհրիբանի Ալիեւայի առաջադրման դեպքում կասեին, թե Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ուժեղագույն շախմատիստի նման գտավ հանճարեղ լուծումը։ Կասեն նաեւ, որ Մեհրիբանին նախագահ նշանակելով Սերժ Սարգսյանը միանգամից լուծեց Ղարաբաղի հարցը, նավթի մեջ փայ մտնելու հարցը, երկու ազգ-բանակի կոնտեքստում լուծեց սահմանի անվտանգության հարցը։ Իսկապես, Իլհամը խելագար չէ կնոջ դեմ զորք հանի:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ելույթներ կլինեին ԱԺ-ում, ոմանք նույնիսկ ադրբեջաներենով ասացվածքներ կասեին, վստահ ենք, որ կլինեին նաեւ մուղամներ երգողներ: Չկասկածեք, որ այս ամենը համեմված կլինի Սերժ Սարգսյանի վերերկնային անփոխարինելիության մասին հուզառատ հայտարարություններով:
Իսկ եթե որեւէ մեկն ասեր, որ թեկնածուն չի բավարարում 6 տարի ՀՀ քաղաքացիության եւ 6 տարի ՀՀ-ում ապրելու սահմանադրական պահանջը, ապա պատկերացնում եք, թե ինչ խանդավառությամբ Դավիթ Հարությունյանը կհիմնավորեր, որ այդ նորմը չի վերաբերում նախկին ԽՍՀՄ տարածքին, քանի որ տվյալ դեպքում գործում է «պատմական իրավունքի նորմը» եւ Ալիեւան լիովին բավարարում է քաղաքացիության պահանջին։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ում բնակվելուն, ապա տեսախցիկների առաջ Բաքուն օր ու մեջ գրավողներն ու բանակում չծառայած հայրենասերները կպնդեն, որ Ադրբեջանը դա պատմական Հայաստանի տարածքն է , մեր հողերն են՝ հետեւաբար Մեհրիբանը ի ծնե բնակվել է Հայաստանում։ Գուցե մի ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր էլ կասեր, որ Ալիեւան ի ծնե Փաշաեւ է՝ որտեղ Փաշաեւը՝ այնտեղ Փաշինյանը: Ճիշտ է այստեղ Նիկոլը կփորձեր ընդվզել, բայց դե նրա ձայնը բուռն եւ երկարատեւ ծափերով կխլացվեր:
Ազգ-Մեհրիբան կոնցեպցիան կախված Բաղրամյան 26-ի ցանկությունից կգրավեր նոր հորիզոններ։ Դրան կլծվեին խմբագիրները, վերլուծաբանները, Գելլափը, ՀՀԿ դպրոցի դասախոսները, իսկ Ավետ Բարսեղյանը նոր երգ կգրեր՝ Մեհրիբանի մասին։
Գեւորիկի առաջադրման դեպքում ամեն ինչ ավելի հանգիստ կլիներ: Գեւորիկը մշտապես մեր կողքին է եղել եւ 6 եւ 106 տարի: Եւ լինելով քաղաքականությանն այսքան մոտ, նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Ճիշտ է, նրան ասում են ՀՀՇ-ի կամ ՀՀԿ-ի Գեւորիկ, բայց նա երբեք որեւէ կուսակցության չի անդամակցել:
Նրա առաջադրման դեպքում գոհ կլինեին բոլորը, անգամ Հայ ազգային Կոնգրեսը: Եւ կրկին կլինեին ելույթներ հենց նույն մարդկանց կողմից, ովքեր այսօր կուրծք ծեծելով գովերգում են Արմեն Սարգսյանի առաջադրումը:
Ստաժավոր ՀՀԿ-ականները կասեն, որ Գեւորիկին վաղուց են ճանաչում եւ միշտ նա եղել է իրենց կողքին: Նույն Ավետ Բարսեղյանը կշտապի երգ գրել Գեւորիկի մասին, իսկ Լիլիթ Հովհաննիսյանը կկատարի այն:
Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդպես կլիներ։ Մի կասկածեք: Հենց այսպես էլ կլիներ:
Այնպես որ, բախտավոր աստղի տակ ենք ծնվել, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել Արմեն Սարգսյանի թեկնածության վրա։
Վարդուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից