Կեղծ օրակարգերով երկիրը կամ շարունակվող անլրջություն
Արցախյան շարժումից երեսուն, անկախության հռչակումից 28 տարի անց մեզ պակասում է լրջությունը, անկեղծությունը եւ պետական մտածողությունը:
Մենք դեռ կարեւորն ու երկրորդականը միմյանցից չենք տարբերում: Մենք օրերով եւ շաբաթներով քննարկում ենք մի բանաստեղծի ոտանավոր, որին մի քանի տասնյակ մարդ է միայն ճանաչում: Ավելին, այնպիսի լրջությամբ են քննարկում եւ այնպիսի մարդիկ են մասնակցում բանավեճերին, որոնց նախկինում լուրջ եւ կայացած մարդ ես համարել:
Քննարկման ընթացքում էլ ավելի տպավորիչ լինելու համար չեն մոռանում Ռուսաստանը համարել գավառային երկիր, իսկ Լերմոնտովին ցածրակարգ գրող:
Մենք քննարկում ենք ծխելու դեմ ուղղված մի օրինագիծ: Եւ կրկին հայտնվում են լուրջ դեմքով մարդիկ, որոնք սկսում են պաշտպանել ծխողների իրավունքները: Իսկ քննարկումն այնպես է ընթանում, կարծես դա մեր երկրի թիվ մեկ խնդիրն է: Եւ կրկին տխրում ես, տեսնելով, որ նախկինում ում լուրջ եւ կայացած մարդ ես համարել, կուրծքը բացած պաշտպանում է ծխողներին, միայն նրա համար, որ այս օրինագիծը Հայաստանում է աշխատել: Նույն այս մարդիկ կկովերգեին նույնատիպ օրենքը կամ օրինագիծը, եթե այն ընդունվեր ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում:
Դժվար է այլեւս լուրջ վերաբերվել այս բուռն քննարկումների մասնակիցներին: Դժվար է հավատալ նրանց, ովքեր մատը մատին չեն խփել մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց պայքարում են արջերի կամ նապաստակների իրավունքների համար եւ այս ամենը ներկայացնում այնպես, կարծես դա է մեր երկրի թիվ մեկ խնդիրը:
Եւ այս բուռն քննարկումների ընթացքում հաշված թվով մարդիկ նկատեցին, որ կառավարող կուսակցությունը չի պատրաստվում հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Հաշված թվով մարդիկ կոչ արեցին կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին եւ վերջ տալ անտեղի կորուստներին: Շատերը չնկատեցին, որ ականատես ենք լինում սպեկուլյատիվ թանկացումների: Ոչ մի ուշադրություն չդարձինք Դեբեդը լցվող թունավոր նյութերին եւ հանքարդյունաբերությունը զարգացնելու Կարեն Կարապետյանի մտադրությանը:
Դուք շարունակեք ոտանավոր քննարկել եւ ծխելու դեմ ուղղված օրինագիծը դատապարտեք: Շարունակեք, քանի որ այդպես էլ լուրջ չվերաբերվեցիք մեր երկրին, չհասկացաք, թե ինչ է պետությունը, չսիրեցիք Հայաստանը կամ ավելի ճիշտ ոչ թե մեր պետությունը սիրեցիք, այլ ձեզ՝ այդ պետությունում:
Top-News.am