Թուրքիայում պահանջում են հրապարակել Էրդողան–Թրամփ հեռախոսազրույցի ձայնագրությունը
Էրդողան–Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ թուրքական եւ ամերիկյան կողմերի հայտարարությունների տարբերության հետ կապված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջով է հանդես եկել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահականի ու ԱՄՆ նախագահականի տարածած տեքստերը լրիվ հակառակ հայտարարություններ են։ Թուրք կուսակցապետը պահանջել է իշխանություններից, որ Էրդողան–Թրամփ հեռախոսազրույցի ձայնագրությունը ներկայացնեն հանրությանը։
Նշենք, որ Թուրքիայի տարածած հայտարարության մեջ նշվել էր, որ Էրդողանը Թրամփի ուշադրությանն է հրավիրել Սիրիայի քրդերին զենքի մատակարարման դադարեցում եւ կողմերը հեռախոսազրույցի վերջում համաձայնության են եկել համատեղ պայքարել ահաբեկչության դեմ։
Իսկ ԱՄՆ Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թրամփը Աֆրինի հարցով Թուրքիային կոչ է արել զգուշավոր գործել՝ ամերիկյան զորքերի հետ չբախվելու համար։ Թրամփը շեշտել է, թե Աֆրինի գործողությունը պետք է սահմանափակ լինի ու չվնասի խաղաղ բնակչությանը։