Ելիսեյան պալատում մեկնարկել է Սարգսյան-Մակրոն հանդիպումը
Փարիզում այսօր` հունվարի 23-ին, Երեւանի ժամանակով 16.00-ի սահմաններում մեկնարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը:
Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի եւ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո տրվելու է աշխատանքային ճաշ: Այնուհետեւ երկու երկրների նախագահները կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի եռօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է հունվարի 22-ին: Վաղն արդեն Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: