Իրաքի վարչապետը՝ ազատագրական գործողությունների մեկնարկի մասին
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ–Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից Մոսուլ քաղաքի արեւմտյան մասը ազատագրելու գործողությունների մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Իրաքի վարչապետի գրասենյակին։ «Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար Ալ–Աբադին հայտարարել է Մոսուլի արեւմտյան ափին ազատագրական գործողությունների մեկնարկի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Վարչապետի խոսքերով՝ իրաքի զինված ուժերը ցանկանում են առաջին հերթին զինյալների ձեռքից ազատագրել խաղաղ բնակիչներին։ Reuters գործակալությունը ավելի վաղ հաղորդել էր, որ Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները միլիոնավոր թռուցիկներ են գցել Արեւմտյան Մոսուլի վրա՝ իրազեկելով ժողովրդին պատրաստվող գրոհի մասին։ Արեւմտյան Մոսուլում, ԻՊ զինյալների հետ միասին, մոտ 650հազար բնակիչ է դեռ մնացել։ Իրաքի զինված ուժերը ահաբեկիչներին առաջարկել են «հանձնել զենքը և հանձնվել»։
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում։