Ռեյտինգային ընտրակարգի հետեւանքները
Կառավարությունը, ինչպես եւ սպասվում էր, բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկել էին հանել տարածքային ցուցակների ինտիտուտը՝ թողնելով միայն համամասնական ընտրակարգի ինստիտուտը:
Ցավալի է, որ կառավարությունը նման որոշում կայացրեց, սակայն այս իրավիճակում ակնկալել այլ որոշում՝ միամտություն կլիներ: Իհարկե, դժվար է չհամաձայնել առաջարկի հեղինակների հետ, որ զարգացում տանող ճանապարհը, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն է: Քանի դեռ կա այս ընտրակարգը քաղաքական համակարգի եւ կուսակցությունների կայացման մասին խոսք անգամ, լինել չի կարող:
Հնարավոր է ԲՀԿ-ն առաջարկները ներկայացնելու համար ոչ ճիշտ ժամանակ էր ընտրել, բայց որ մի օր այս համակարգին պետք է հրաժեշտ տանք՝ փաստ է: Մյուս կողմից չենք կարող չհիշել, որ ժամանակին, թե ԲՀԿ-ն, թե Կոնգրեսը, չգիտես ինչու, կողմ քվեարկեցին այն ընտրական օրենսգրքին, որը մեր կյանք բերեց խայտառական ռեյտինգային ընտրական համակարգը:
Մտահոգիչ է նաեւ այն, թե ինչ հիմնավորումով կառավարությունը մերժեց պատգամավորների առաջարկը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, թե յուրաքանչյուր երկիր իրեն բնորոշ համակարգ պետք է ունենա: Ափսոս, որ Արդարադատության նախարարը մեր երկրի մասին այսքան վատ կարծիք ունի:
Համաձայն 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների՝ Հայաստանում ընտրությունները պետք է անցնեին ամբողջովին համամասնական ընտրակարգով, սակայն հետագայում հորինվեց ռեյտինգային կոչվող համակարգը, որը ընտրությունները վերածեց ամեն ինչի, բայց ոչ քաղաքական գործընթացի:
«Մեր գործող համակարգը 50/50 է, որեւէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու: Եթե անցեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձը ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդարանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»,- նախագիծը մերժելու ժամանակ ասել է նույն Դավիթ Հարությունյանը՝ նոր խոսք ասելով ժամանակակից ժողովրդավարության տեսության մեջ:
Պատգամավորների առաջարկը մերժվեց, բայց նույն Դավիթ Հարությունյանը եւ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Հայաստանում քաղաքական դաշտի կայացման, ժողովրդավարության հաստատման եւ առաջընթացի համար մի օր պետք է ազատվենք խայտառակ ռեյտինգային համակարգից:
Միայն 2017-ի ընտրությունները բավական էին, որ այս համակարգից ազատվեինք հնարավորին չափ շուտ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am