Վաճառքի են հանվել արքայազն Հարիի և նրա հարսնացուի տեսքով տիկնիկներ
Etsy առցանց առևտրի հարթակի օգտատերերն առաջարկվող ապրանքների ցանկում նկատել են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա հարսնացու Մեգան Մարքլի տեսքով տիկնիկներ: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Նշվում է, որ հարսանեկան հանդերձանք կրող տիկնիկները կարելի է ձեռք բերել 175 դոլարով:
Twitter-ի օգտատերերն «ամենասարսափելի մղձավանջ» են անվանել նոր ապրանքն ու ասել, որ դրանք ընդհանրապես նման չեն իսկական զույգին:
«Ո՞վ է Մեգանին և Հարիին նման դարձրել այն հրեշ ծնողներին, որոնք ձեռնաշղթաներով մահճակալներին էին կապել իրենց երեխաներին»,-kristalberg ծածկանունով օգտատերն ապրանքը համեմատել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փերիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ընտանիքներից մեկում ծնողները տևական ժամանակ շղթայված էին պահել 13 երեխաներին:
Հիշեցնենք, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Զույգը ստացել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրհնությունն ու նշանադրվել է: