Գերմանիայում ադրբեջանցիների ընտանիքը պատանդ է վերցրել երկու մարդու
Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու հարցում մերժում ստացած ադրբեջանցիների ընտանիքը Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Բորգհոլցհաուզեն քաղաքում պատանդ է վերցրել տարբեր ծառայությունների 2 աշխատակցի, որոնք արտաքսելու նպատակով եկել էին իրենց տուն:
Ինչպես հաղորդում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանության մամուլի խոսնակ Սոնյա Ռեմերտին, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 3:30-ի սահմաններում: Օտարերկրացիների հարցերով զբաղվող գրասենյակի աշխատակիցները, մեկ բժիշկ, անվտանգության ծառայության մեկ աշխատակից և երկու ոստիկան այցելել են ադրբեջանցիների տուն. ընտանիքը բնակվել է փախստականների ճամբարում:
Նշվում է, որ աշխատակիցները ժամանել են ընտանիքի անդամներին արտաքսելու նպատակով: Ամուսիններից բացի բնակարանում են եղել նաև նրանց երկու դուստրերը և ծանոթներից մեկը:
«Անսպասելիորեն նրանցից մեկը հարձակվեց ոստիկաններից մեկի վրա և խլեց նրա ծառայողական զենքը: Այնուհետև նա մի քանի անգամ օդ կրակեց: Բժիշկը և ոստիկանները փախան բնակարանից: Օտարերկրացիների գրասենյակի աշխատակիցը և անվտանգության ծառայության աշխատակիցը մնացին որպես պատանդներ: Մյուսներն անմիջապես ահազանգ տվեցին», - պատմել է ոստիկանության մամուլի խոսնակը:
Ռեմերտի խոսքով՝ մի քանի րոպե անց ընտանիքը հանձնվել է: Բնակարանում գետնին պառկած է հայտնաբերվել արյունոտ կինը, որը, ենթադրաբար հուսահատությունից դրդված, ինքն իրեն դանակով հարվածներ է հասցրել որովայնի հատվածում, ինչի պատճառով նա հոսպիտալացվել է: Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների աշխատակիցները և տարել ընտանիքի մյուս անդամներին:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան: