Գնաճի զսպմանն ուղղված քայլերն ուշացած են
2018 թ. բյուջեն պետք է անվանել թանկացումների բյուջե, որովհետև նախատեսվում էր 100 մլրդ-ով ավելացնել եկամուտները և դա անել ակցիզային հարկը բարձրացնելով: Բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում ակցիզային հարկի դրույքաչափի ավելացում, դա գների անմիջական բարձրացումն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից մի շարք ապրանքների թանկացմանը:
Ըստ նրա՝ ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են այն առումով, որ բյուջեի քննարկումները եղել են նախորդ տարվա դեկտեմբերին, և հենց այդ ժամանակ պետք է բարձրացվեր խնդիրը:
«Որևէ խիստ քննադատություն չեմ տեսել այս մասով, մտածում էին հունվարը գա՝ նո՞ր խոսեին: Իրականում թանկացումների հետ կապված խնդիրը դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է դառնար համար առաջինը»,– ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ մասնագետների համար պարզ էր, որ սեղմած գազի համար ակցիզային հարկը 1 խմ-ի համար 25 դրամ է դառնում, 2018 եկամուտների վրա դա հավելյալ 35 մլրդ էր բերելու:
«Բենզինի հարկի բարձրացման դեպքում՝ 1.93 մլրդ, ծխախոտի դեպքում՝ 5.41 մլրդ և այլն: Բոլոր հարկատեսակների վերաբերյալ նման փաստաթղթեր են եղել, և պատգամավորները տեղյակ են եղել»,- հայտնեց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է, որ եկամուտները 100 մլրդ դրամով աճելու են և հիմնականում ակցիզային հարկի բարձրացման միջոցով:
«Մենք ինչո՞ւ ենք այսպես ցավագին ընդունում, որովհետև 29.4 տոկոս աղքատություն ունեցող երկրում ամենօրյա օգտագործման ապրանքների գնի ցանկացած բարձրացում չի կարող ուղղակի անտեսվել: Եվ եթե շուկայում առկա 470 ապրանքախմբերը մոտեցնենք 50-ի կամ 70-ի, արդեն կստացվի, որ մենք ունենք ոչ թե 2.5 տոկոս գնաճ, այլ նվազագույնը 15 տոկոս: ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարել էին, թե ՀՀ քաղաքացու կյանքը չի վատանա, բայց ամեն ինչ պարզ էր, որ մեր քաղաքացիները պետք է ավելի վատ ապրեն»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ այդ ապրանքախմբերի թվում ամենաշատը թանկացել են հենց ամենօրյա օգտագործման ապրանքները:
Տնտեսագետը նաև կանխատեսում է, որ տարվա երկրորդ կեսին վառելիքի գները էլ ավելի կբարձրանան՝ կապված ռուսական շուկայի հետ:
«Նավթամթերքների հետ կապված այլ խնդիր կա. Ռուսաստանում 10 տոկոսով ավելացել է նավթամթերքների ակցիզը: Հիմա մի հատ էլ է ավելանալու երկրորդ կեսին: Արտահանման դեպքում չի ազդում ակցիզային հարկը, բայց Հայաստանի պարագայում կտեսնեք, որ կազդի»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը: