Բաքուն ողջունել է Լավրովի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Այս մասին գրում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:
«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը», - ասված է տարածված հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն նույնպես արձագանքել էր Լավրովի ելույթին:
«Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարել են համանախագահ երկրները»,- ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել էր. «Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»։ Նա ասել էր, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, և անհրաժեշտ է փուլային մոտեցում: