Արտաշատի քաղաքապետի տեղակալն իր կնքահոր որդին է
«Արտաշատի քաղաքապետարանում շարունակվում են անցյալ տարեվերջին սկիզբ առած կադրային կրճատում-փոփոխությունները: Հունվարի 9-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի տեղակալ, քաղաքապետարանի երկարամյա աշխատակից Իսահակ Գրիգորյանը: Նա առայժմ որևէ այլ աշխատանքի չի անցել: Գրիգորյանին այդ պաշտոնում փոխարինում է ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, ով համայնքում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է: Ղազարյանն ու համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են, ուստի շատերը բնական են համարում իր քավորի որդուն պաշտոն տալու քաղաքապետի որոշումը»,- այս մասին տեղեկացնում է «Հրապարակը»:
Թերթը նաեւ գրում է. «Ի. Գրիգորյանը, նշենք, նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո շուրջ 6 ամիս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր և, կարելի է ասել, սահուն կերպով իրականացնում էր քաղաքապետի լիազորությունները մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն որոշեց քաղաքապետի թեկնածու առաջադրել համայնքի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանին, ով և նախորդ տարի նոյեմբերի 5-ին ընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում: Համայնքապետարանում Գրիգորյանի հեռացումը, սակայն, անակնկալ է շատերի համար, քանի որ պարզ չէ, թե ինչու պետք է 2005-ից քաղաքապետարանում աշխատող Գրիգորյանը հանկարծ որոշեր տոներից հետո աշխատանքից ազատման դիմում գրել»: