Կադիրովի մուտքը Լիտվա արգելել են
Լիտվայի իշխանությունները հրապարակել են «Մագնիտսկու ցուցակի» համանման տարբերակը, որի անդամները, ըստ Վիլնյուսի, կապված են կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման կամ մարդու իրավունքների խախտումների հետ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարից, ցանկը հրապարակվել է Լիտվայի միգրացիայի դեպարտամենտի կայքում, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ընդհանուր առմամբ «սեւ ցուցակում» 49 ռուսաստանցի է հայտնվել: Նրանց թվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Ներքին գործերի նախարարությանն առընթեր քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Օլեգ Լոգունովը, դատավորներ Ելենա Ստաշինան, Ալեքսեյ Կրիվոռուչկոն, Սերգեյ Պոդոպրիգորովը եւ այլք:
Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը արդեն մեկնաբանել է Չեչնիայի առաջնորդի ներկայությունը Լիտվայի «Մագնիտսկու ցուցակում»: Նա այս իրադարձությունը «փուչ է անվանել, որը արժանի չէ Ռամզան Կադիրովի ուշադրությանը»: «Ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ սա ԱՄՆ օգտին թշվառ ժեստ է»,-ասել է նա: