«Իմ ձերբակալությունը Բաքվին 1 միլիարդ դոլար է արժեցել». Լապշին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նշել է վնասի ընդհանուր չափը, որ հասցվել է Ադրբեջանին իր ձերբակալության պատճառով:
«Դժվար է այդ ամենն արտահայտել թվերով: Կփորձեմ ենթադրել, որ 2-3 տարվա համար Ադրբեջանի ժողովուրդը Բաքվի բանտում իմ գտնվելու համար վճարել է առնվազն 1 միլիարդ դոլար: Պատկերացնելու համար, թե ինչ է Ադրբեջանի համար 1 միլիարդ դոլարը, նշեմ, որ Բաքվում միջին աշխատավարձը չի գերազանցում ամսական 300 դոլարը, իսկ մարզերում՝ 200-ը: Թոշակները կազմում են ամսական 100 դոլարից քիչ»,- գրել է Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում:
Նա նշել է, որ Ադրբեջանը մեծ մասամբ կրել է քաղաքական և իմիջային վնաս, այնուամենայնիվ, կարելի է որոշակի թվեր դուրս հանել այդ ամենից:
Լապշինը գրել է, որ իր հետ կապված պատմության պատճառով, իհարկե, ոչ մեկ չի խզել Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունները, պատժամիջոցներ չի սահմանել և չի դադարել զենք վաճառել, սակայն «անուղղակի վնասը, կարծում եմ, հսկայական է և ակնհայտորեն չի համապատասխանում իմ անձի մասշտաբներին»: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդը չէր, ով կհանդուրժեր նրա նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը, և անմիջապես դադարեցրեց իր տարածքում չափազանց ազդեցիկ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը:
Այդ գումարի մեջ բլոգերը ներառել է Բաքվի վնասները Ռուսաստանից ադրբեջանցի անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման, Բելառուսի համար նավթի զեղչերի և վստահության մակարդակի նվազման, վարկավորման պայմանների վատթարացման, երկիր զբոսաշրջիկների հոսքի նվազեցման հետևանքով:
«Ակնհայտորեն, իմ պատմությունը շատ զբոսաշրջիկների հետ է կանգնեցրել Ադրբեջան այցելելու մտքից: Մենք երբեք չենք իմանա՝ կոնկրետ որքան: Հնարավոր է՝ ընդամենը հազար, կամ հարյուր հազար: Շատ աբստրակտ մեծություններ են: Բայց դա նույնպես միլիոնավոր դոլարի վնասներ են: Հինգ միլիոն, թե քսան՝ այդ գումարներով նրանք կարող էին մի ամբողջ միկրոթաղամաս կառուցել աղքատության մեջ ապրող Ղարաբաղից փախստականների համար»,- նշել է Ալեքսանդր Լապշինը:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել: