Ադրբեջանցի ուսուցչի վրա կրակել են «խաղաղության» կոչերի պատճառով. ցնցող տեսանյութ
Լուսանկարի կենտրոնում Ռոշան Ազիզովն է` Բաքվի թիվ 220 դպրոցի աշակերտների հետ
Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, որը հայտնի է Հայաստանի հետ թշնամությանը վերջ տալու իր կոչերով, և հատկապես աշակերտուհիներից մեկին հայկական տարազով լուսանկարելու սկանդալային պատմությունից հետո, գրում է eurasianet.org-ը:
Ռոշան Ազիզովը
«Նրանք ստորացրել են ինձ իմ աշակերտների աչքի առջև: Նրանք ինձ հայ են անվանել, հայ լրտես: Իբրև թե, ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Իրականում ես ուզում էի միայն ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է և մենք կարող ենք կոնֆլիկտը կարգավորել առանց իրար սպանելու»,- ասել է Ռոշան Ազիզովը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: Դպրոցի տնօրինությունը պնդում է, որ նրա վրա կրակել են ոչ թե հայամետ հայտարարությունների համար, այլ դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով:
Բաքվի թիվ 220 դպրոցի աշակերտուհուն նկարել է ուսուցիչը և նշել` հայկական տարազով
Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի և ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեև խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են և իր որդին քաղցած է մնացել: Նաև տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում աշակերտները նաև հայերեն են խոսում:
Ակնհայտ է, սակայն, որ տվյալ դեպքում եւ ստորեւ բերված տեսահոլովակում կատարվողը ոչ թե խաղաղության կոչ է, այլ պատերազմի: Ավելի հավանական է, որ նշյալ ուսուցիչն ալիեւյան կլանի ներկայացուցիչ է, որը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում եւ նրանցից, ըստ էության, ռազմիկներ է պատրաստում: