Էրդողանը պատերազմ է հայտարարել 2019-ի ընտրություններում իր գլխավոր մրցակից Գյուլին
Թուրքիայում տեղի է ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» ժողովը, որին մասնակցել է նաեւ կուսակցության ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hürriyet-ը:
Ժողովի ժամանակ իր ելույթում, առանց անուններ նշելու, Էրդողանը զգուշացրել է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին ԱԶԿ-ի մաս են կազմել, այժմ չպետք է կուսակցության դեմ դուրս գան:
«Անցյալում մեր կուսակցության հովանու տակ գտնվող, իսկ այժմ այլ իրականությունում ապրող մարդիկ այսօր իրավունք չունեն խոսել մեր կուսակցության դեմ: Մեր միասնությանը վնաս հասցնողները թող իմանան, որ արդեն չեն հանդիսանում մեր քարավանի ճամփորդներ: Այս գնացքից ընկնողները, հոգ չէ, ընկած տեղերում էլ թող մնան»,- ասել է Էրդողանը:
Թուրքական պարբերականը վստահ է, Էրդողանի այս խոսքն ուղղված է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, եւ Էրդողանը փաստացի պատերազմ է հայտարարում նախկին գործընկերոջը:
«Հիմա կտեսնենք, արդյո՞ք Գյուլը կլռի: Մի՞թե պատասխան չի տա այս քննադատություններին»,- գրում է պարբերականը եւ նկատում՝ այս կերպ Էրդողանը փորձում է մինչեւ 2019-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները նվազեցնել որոշ շրջանակների համակրանքը Գյուլի նկատմամբ: