Ադրբեջանցիներին զայրացրել է ԱՄՆ Պետդեպ-ի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Ադրբեջանի ներառումն ահաբեկչական վտանգ պարունակող երկրների կատեգորիայում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները:
ԱԳՆ-ն նաև զարմանք է հայտնել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է այդ կատեգորիայի մեջ՝ նշելով, որ վերջին տարիներին աճել է երկիր եկող զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև երկրում կազմակերպվել են մի շարք հեղինակավոր միջոցառումներ, այդ թվում՝ «Ֆորմուլա-1» մրցաշարը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ երկիրը հյուրընկալել է առաջին Եվրոպական խաղերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի:
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ:
Ադրբեջանը Պետքարտուղարության կողմից ընդգրկվել է երկրորդ կատեգորիայում՝ «ուժեղացված նախազգուշացումներով»: Այս կատեգորիայի երկրներում Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և ցուցաբերել խիստ զգուշություն: