2017թ. դեկտեմբերին գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% աճ
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից:
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% աճին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.3% և 25.1% գնաճը:
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1.2-2.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:
Մեկ տարվա կտրվածքով՝ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.6%-ով: Վերջին մեկ տարում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ոլորտում գրանցվել է 5.3% աճ, ոչ պարենային ապրանքների գծով՝ 1.7% գնաճ, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.5 %-ով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7.3% գնաճը:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ:
Գնանկում է գրանցվել Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում: Միայն վերջին մեկ տարում՝ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:
Ընդհանրապես, 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ: