Սուրգուտի հայերի համար հատուկ «վստահության հեռախոս» է ստեղծվել
Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Սուրգուտի շրջանում գործարկվել է «միասնական հեռախոս», որի միջոցով հնարավոր է կապ հաստատել տեղի հայկական, տաջիկական, դաղստանյան, ուզբեկական, ղրղզական, ադրբեջանական և այլ ազգերի համայնքների ղեկավարների հետ և խորհրդատվական բնույթի օգնություն ստանալ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հայերն ու ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչները կկարողանան զանգահարել հատուկ հեռախոսահամարով, եթե նրանց նկատմամբ ազգային պատկանելիության հողի վրա խտրական վերաբերմունք ցուցաբերվի:
Հատկանշական է, որ զանգահարողները կկարողանան իրենց հետ պատահածի մասին խոսել թե՛ ռուսերեն, թե մայրենի լեզվով:
Աղբյուրը հավելում է, որ 2010թ. Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով՝ Սուրգուտում ապրում է ավելի քան 2.000 հայ: