Ադրբեջանի հարկային նախարարության ավելի քան 60 աշխատակից ազատվել է աշխատանքից
Ադրբեջանի հարկային նախարարությունում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 64 աշխատակից, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչությանը:
Ինչպես հայտնել են նախարարությունում, նրանց թվում են նախարարի խորհրդականներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք:
«Հարկային նախարարությունում կադրային և կառուցվածքային բարեփոխումներ են սկսվել՝ հարկային վարչարարության արդիականացման, նոր մարտահրավերներին համապատասխան հարկային համակարգի ձևավորման և վարչարարության ճկուն մեխանիզմներ սահմանելու նպատակով»,- հայտնել են նախարարությունում:
Նախարարության կառուցվածքի վերակազմակերպման նպատակը միևնույն ժամանակ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումն է, բիզնեսի համար խոչընդոտների վերացումը, ինչպես նաև հարկատուների կողմից իրենց պարտավորությունների կատարման ապահովումը: