Հայտարարվել են «Ոսկե գլոբուս-2018»-ի հաղթողները
Հունվարի 7-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուս-2018» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, 2017թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը, որը պատմում է ոստիկանությունից իր դստեր մահվան դեպքի հետաքննությունը պահանջող մոր մասին:
Լավագույն դրամադիկ դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄքԴորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:
«Լավագույն սցենար» անվանակարգում կրկին «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը:
«Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նիկոլ Քիդմանը, որի մրցակիցներն էին Ռիզ Ուիզերսփունը, Ջեսիքա Լանժը, Սյուզան Սարանդոնն ու Ջեսիքա Բիլը: Մինչդեռ «Լավագույն հեռուստատեսային դերասան» անվանակարգում հաղթել է Էվան ՄքԳրեգորը («Ֆարգո»):
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյան»):
«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչուն»-ը, որի գլխավոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ջեյմս Ֆրանկոն («Սարսափելի արարիչը»):
Լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել «Ոչ մի տեղից»-ը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկո»-ն: