ՌԴ ԱԳՆ. Հայաստանին ու Ադրբեջանին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված կոնկրետ առաջարկներ են ներկայացվել
Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում` նախարարների առաջիկա հանդիպումը, եւ հետաքրքրված է դրա արդյունավետությամբ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պետքարտուղար եւ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը` պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան ինչ ակնկալիքներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հունվարին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
Կարասինի խոսքով՝ Ռուսաստանն ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում՝ նախարարների առաջիկա հանդիպումը, շահագրգռված է նրա արդյունավետությամբ: «Մենք աջակցում ենք Երեւանի եւ Բաքվի ձգտմանը` առկա իրավիճակում փոխզիջումային տարբերակներ գտնելու համար: Մենք մեր հերթին Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերների հետ միասին կշարունակենք միջնորդական աջակցություն ցուցաբերել ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի այս միասնական դիրքորոշումը հստակորեն դրսեւորվել է այս տարվա դեկտեմբերի սկզբին Վիեննայում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությանում»,–նշել է նա:
Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում երկար ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ տեղի էր ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հայ-ադրբեջանական գագաթնաժողով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը:
«Այս առումով համանախագահները առանձին խորհրդակցություններ են անցկացրել այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, իսկ դեկտեմբերին կազմակերպել են նախարարների հանդիպումը Վիեննայում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Քննարկվել են կարգավորման հիմնական խնդիրները, որոնց շուրջ համաձայնություն չի հաջողվում ձեռք բերել: Բացի այդ, դիտարկվել են այն հնարավոր գործողությունները, որոնք հակամարտության գոտում իրավիճակի սրմանը կարող են հանգեցնել: Կողմերին ներկայացվել են հատուկ առաջարկություններ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված: Նախարարները համաձայնել են շարունակել բանակցությունները այս եւ այլ հարցերի շուրջ 2018-ի հունվարին միջնորդների մասնակցությամբ »,–ընդգծել է Կարասինը: