Արմեն Ամիրյանն ավելի հին է, քան տոլման
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասուլիս է հրավիրում եւ ամփոփում 2017 թվականը։ Ամփոփում է եւ այդպես էլ չի անդրադառնում, թե ինչու հանկարծ որոշեց փակել խորհրդային իշխանության զոհերին նվիրված ցուցադրությունը կամ ինչու է մշակույթի նախարարությունը հիշեցնում սովետական հիմնարկ։
Փոխարենն Արմեն Ամիրյանը, անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Տոլմա» կերակրատեսակը ադրբեջանական ճանաչելուն, ընդգծեց. «Տոլման ավելի հին է, քան Ադրբեջանը: Դա մերն է, ինչի՞ մասին է խոսքը»:
Ցավալի է, որ նախարարի պաշտոն զբաղեցնող մարդն այսքան իջնում է եւ նման էժանագին հայտարարություններ անում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը չպետք է անդրադառնար ոչ ինքը, ոչ էլ միջին կարգի որեւէ այլ պաշտոնյա։ Ասել, թե տոլման հայկական է կամ ադրբեջանական, նույնն է, թե պնդել, թե կարտոֆիլի տապական հունական է կամ հունգարական։
Ադրբեջանցիները, մեր մեջ ասած, հիմարություն արեցին, որ տոլան գրանցեցին որպես ադրբեջանական։ Տոլմա ունեն ոչ միայն իրենք, այլ նաեւ մենք, թուրքերը, պարսիկները, եւ անգամ ռուսները՝ գոլուբցին։
Եւ երբ Ամիրյանը գեշ հայրենասեր երեւալու համար ասում է, թե տոլման ավելի հին է, քան Ադրբեջանը, պետք է մի փոքր ավելի երկար մտածեր, իսկ քանի որ դա չի արել, ստիպված ենք ասել, որ Արմեն Ամիրյանն ավելի հին է քան տոլման։
Մշակույթի նախարարությունում այդպես էլ որեւէ բարեփոխում տեղի չունեցավ։ Ավելին, մշակույթի ոլորտում եւս ոչ մի բարեփոխում տեղի չունեցավ։ Խայտառակ նախարարություն խայտառակ նախարարով։ Բնականաբար սովետահոտ նախարարության նախարարը պետք է էժանագին հայտարարություն անի։
Եւ եթե Ամիրյանն այդքան ծանր է տարել, որ տոլման գրանցվել է որպես ադրբեջանական, ապա ինչու քայլ չի արվել, որ այն գրանցվեր որպես հայկական։ Եւ եթե չես արել այդ քայլը եւ հիմա նեղվում ես, ապա հերոսական հայտարարությանը պետք է հետեւեր հրաժարականը։
«Շարունակելու եմ Ամանորին համեղ տոլմա ուտել: Թող իրենք էլ ուտեն, անուշ թող լինի»,- ասել է նա, պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել ադրբեջանական հետագա նմանատիպ քայլերը կանխելու համար։ Իրոք, համաձայնեք, որ Ամիրյանն իսկական հերոս է, քանի որ վտանգելով իր կյանքը՝ պատրաստվում է տոլմա ուտել։ Լավ է, որ ադրբեջանցիները որպես ադրբեջանական չեն գրանցել կաթնապուրը, թե չէ տոներին ստիպված պետք է բավարարվեր այդ ուտեստով։
Տոլման եւ հայկական է եւ թուրքական եւ պարսկական եւ ադրբեջանական։ Իսկ ամենակարեւորն այս պարագայում ոչ թե տոլման է, այլ այն, որ Արմեն Ամիրյանը մանկական հեռուստահաղորդավարից այն կողմ չաճեց եւ դարձավ տոլմայով ադրբեջանցիներին հակահարված հասցնող քաջ նախարար։ Լինեին այլ ժամանակներ, ապա նրան կանվանակոչեին Արմեն Տոլմայասեր։
Արմեն Տոլմաջյան
Top-News.am