Սեքսը եւ հայաստանյան հասարակությունը
Օրեր առաջ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձավ դպրոցականների շրջանում անցկացված մի հարցմանը եւ անզգուշաբար կամ սխալմամբ հայտարարեց, թե դպրոցական աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով։
Հետո, բնականաբար, նախարարությունը շտապեց պարզաբանել, որ ոչ թե աղջիկների, այլ տղաների 25 տոկոսն է նշել, որ զբաղվել է սեքսով, իսկ աղջիկների միայն մեկ տոկոսն է նմանատիպ պատասխան տվել։
Միանգամից շեշտենք, որ հայաստանյան հարցումներին դժվար է լուրջ վերաբերվել մի շարք հասկանալի եւ ոչ այնքան հասկանալի պատճառներով, առավել եւս, երբ հարցմանը մասնակցել են դպրոցականները։ Բայց հիմա մենք անդրադառնում ենք ոչ թե սեքսին, այլ թե ինչ եղավ, երբ Ալթունյանը նման հայտարարություն արեց։
Ալթունյանին հայ բազմաչարչար հանրությունը գամեց անարգանքի սյունին։ Նրան ամենատարբեր մեղադրանքները ներկայացրին, չմոռանալով շեշտել, որ հայ անաղարտ դեռահասներն անգամ չգիտեն, թե ինչ է սեքսը։
Խիստ բարոյական հասարակությունը չհանդուրժեց, որ հայ դպրոցականը կարող է սեքսով զբաղվել։ Ոմանք անգամ պատրաստ էին քառատել Ալթունյանին։ Այսպիսին է մեր չկայացած հասարակությունը, որն ավելի շատ հիշեցնում է պետություն չունեցող եւ համայնքային անհասկանալի կանոններով ապրող խմբի, որը նախընտրում է ոչ թե տեսնել եւ մաքրել կեղտը, այլ այն թաքցնել։ Միանգամից ասենք, որ սեքսով զբաղվելը կեղտ չէ, բայց այսպես են մտածում մեր կողքին ապրող փարիսեցիները։
Այսպիսով, մեր հասարակությունը նախարարին պատրաստ է լինչի դատստանի ենթարկել սոցհարցումների տվյալները հրապարակելու համար, բայց ոչ մի անգամ անգամ թեթեւ չի քննադատում, որ օրինակ, մեր երկրում քաղցկեղի բուժման մակարդակը մնացել է հիսունականների մակարդակին։
Նույն այս բազմաչարչար հասարակությունը պատրաստ էր քառատել Հակոբ Հակոբյանին եւ խոսրով Հարությունյանին միայն նրա համար, որ նրանք ասեցին այն, ինչ գիտեն բոլորը։ Անդրադառնալով մսի եւ կարագի վերջին թանկացումներին, պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ աղքատները մինչ օրս եւս միս ու կարագ չեն գնել եւ վերջին թանկացումները նրանց չի կարող վերաբերել, իսկ Խոսրով Հարությունյանն էլ փորձեց մեկ անգամ եւս բացատրել, թե ինչ էր ցանկացել ասել իր գործընկերը։
Ոչ Հակոբ Հակոբյանը, ոչ Խոսրով Հարությունյանը մեր աչքի լույսը չեն, բայց նրանք ընդամենը ներկայացրին դառն իրականությունը, բայց դպրոցականների սեքսը մերժող, իրենց տղաներին բանակից ազատել փորփող խիստ «բարոյական» հասարակությունը դրա համար նրանց պատրաստ էին քարկոծելով սպանել։ Եւ ամենաուշագրավն այն է, որ նույն այս չկայացած հասարակությունը չի փորձում պարզել, թե ով կամ ովքեր են աղքատության պատճառը եւ ով է աղքատացրել հասարակությանը։
Օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ մի 16 տարեկան ամուսնացած կնոջ տեգրը ծեծել եւ ցանկացել է բռնաբարել, եւ որ ամուսինն էլ ծեծել է, թե ինչու է մերժել եղբորը, իսկ սկեսրայրն էլ ստիպել է իր հետ պոռնոֆիլմեր դիտել։ Կարդացին, լսեցին եւ անցան առաջ։ Ոչ մի քննարկում, ոչ մի քննադատություն։ Պարզվեց, որ մեր այս բազմարաչրաչները նորմալ են համարում, որ 16 տարեկանը կարող է ամուսնացած լինել եւ նրա տեգրն էլ նրա հետ ցանկանա սեքսով զբաղվել։
Այսօր էլ լրատվամիջոցները գրեցին, որ մի շարքային մաքսավոր հսկայական ունեցվածք է հայտարարագրել։ Բնականաբար, սեքսը «մերժող», իրականության մասին լսել չցանկացող, ընտրությունների ժամանակ տասը հազարները հաճույքով վերցնող, 16 տարեկաններին ամուսնացնող հասարակությունը չեն էլ պատրաստվում քննադատել մաքսավորին կամ բացատրություն պահանջել։ Նրանք ընդամենը նախանձվում են եւ ասում՝ հալալ ա տղուն։
Եւ հիմա ինչպես չասել, որ նման հասարակությունը չի կարող լավ ապրել, առաջ շարժվել եւ զարգանալ։ Որտեղ ծածկում են կեղտը, սիրում ստել, սիրում կեղծ թվեր, այնտեղ չի կարող լինել զարգացում։ Ժամանակին ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչովն էլ ասաց, թե մեր երկրում սեքս չկա։ Իսկ հետո թե ինչ եղավ՝ գիտեն բոլորը։
Top-News.am