Էրդողանի փեսան խոստովանել է, որ սովորել է գյուլենականների դպրոցում
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը խոստովանել է, որ ուսանել է գյուլենական համայնքի կողմից ֆինանսավորվող դպրոցում: Այս մասին գրում է թուրքական T24 կայքը:
Հիշեցնենք, որ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը հիմնադրել է «Ծառայություն» կրոնական շարժումը, Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Էրդողանի փեսան հավաստիացրել է, որ չնայած դրան՝ նա «չի վաճառվել» ու չի շեղվել ճիշտ ճանապարհից:
«35 տարի շարունակ այս երկրում գործող հարյուրավոր գյուլենական դպրոցներում ուսանած հարյուր հազարավոր երիտասարդներից մեկն եմ: Սակայն ինձ այնպիսի ծնողներ են մեծացրել, որ երբեք խելքս չվաճառեցի: Երբեք չհրաժարվեցի այն արժեքներից, որոնց հավատում եմ: Փառք Աստծո՝ բոլորը գիտեն՝ ում տղան եմ և ինչպես եմ ապրել», - ասել է Ալբայրաքը:
Պատասխանելով հարցին, թե որտեղ է նա գտնվել հեղաշրջման փորձի գիշերը, Էրդողանի փեսան, ասել է. «Թե որտեղ եմ եղել այդ օրը՝ գիտեն միայն երեք երեխաներս ու Ալլահը»: