Մեքենան ամուսինների վեճի պատճառ
Կապանում կնոջը ծեծելու մեջ մեղադրվող տղամարդը տուգանվեց 50 հազար դրամով: Նման դատավճիռ է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրանքի՝ Արսենը հոկտեմբերի 27-ին ցերեկը կնոջ հետ կենցաղային շարժառիթով վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և մարմնի տարբեր մասերին:
Դատարանում Արսենը հայտարարել է, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ զղջում կատարվածի համար: Դատաքննությամբ պարզվել է, որ ամուսինների վեճի պատճառը եղել է այն, որ դեպքից ամիսներ առաջ կնոջ եղբայրը նրան մեքենա է նվիրել: Կինը դատարանում պատմել է, որ վեճը սկսվել է, երբ ամուսինն իմացել է, որ «ինքը մեքենայի յուղը փոխել է»: Արսենը, սակայն, դատարանին պատմել է, որ վիճել են, քանի որ դեմ է եղել՝ կինը մեքենա վարի:
Դատարանն Արսենին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով: