«Ռուսատոմ Սերվիսը» Հայկական ԱԷԿ-ին տրամադրել է առաջին տուրբոգեներատորը
«Ռուսատոմ Սերվիսը» դեկտեմբերի 10-ին ավարտել է Հայկական ԱԷԿ-ին 2 տուրբոգեներատորներից առաջինի տրամադրումը, փոխանցում է պետական ընկերության մամուլի ծառայությունը:
Սանկտ Պետերբուրգի գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչեւ Փոթի նավահանգիստ եւ այդտեղից ցամաքային փոխադրամիջոցով դեպի Հայկական ԱԷԿ-ի հարթակ:
Նոր սարքավորումը տեղադրվելու է նախորդի տեղում, որը պատրաստվել էր նախորդ դարի 70-ականներին: Տուրբոգեներատորի հետ կփոխվեն նաեւ օժանդակ համակարգերը, ինչը նախագծի շուրջ աշխատանքների առանձնահատկություններից մեկն է:
2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Սիլովիե մաշինի» ԲԲԸ –ն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար պետք է պատրաստի ու տրամադրի նոմինալ 236 ՄԲթ հզորությամբ երկու համալիր տուրբոգեներատոր եւ հարուցիչ ու տեխնոլոգիական վերահսկման համակարգեր: Ընդ որում՝ աշխատանքների մեջ մտնում է նաեւ սարքավորման մոնտաժն ու կարգավորումը:
Երկրորդ տուրբոգեներատորը ՀԱԷԿ-ին կտրամադրվի 2018-ի դեկտեմբերին: