Ինչու ենք անդադար «հարգում» երկրաշարժի զոհերի հիշատակը
Առաջին հայացքից կարող է ցինիզմ, անգամ անբարոյականություն որակվել այն կոչը, որ եկեք դադարենք ազգովի նշել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցը։
Իսկ հիմա առաջին հայացքը մի կողմ դրեք եւ նայեք ձեր շուրջը, փորձեք նայել ձեր շուրջը եւ տեսեք, թե մեզնից բացի ովքեր են բնական աղետի տարելիցը երեք տասնամյակ անդադար նշում։
1986 թվականին Մեխիկոյում ավերիչ երկրաշարժ եղավ։ Ազգովի նշեցին առաջին տարելիցը։ Հետո՝ ոչ։ Նույնը Իրանում՝ Բուշերի երկրաշարժից հետո։ Նույնը Չինաստանում, Ճապոնիայում, Թուրքիայում։
Լավ, ձեզ հարց չե՞ք տալիս, թե ինչու են այսպես վարվում։ Փոխանակ փորձենք հասկանալ, ընդունել, որ բնական աղետը ազգային, համաժողովրդական տարելից չի կարող լինել այն էլ անդադար, մենք կարծես շունչներս պահած սպասում ենք, թե երբ է գալու դեկտեմբերի 7-ը, որ ահասարսուռ հիշողություններ գրենք, լուսանկարներ հրապարակենք։
Ոչ թե պետք է սգալ, այլ ընդամենը վերականգնել աղետի հետեւանքները եւ անել հնարավորը հետագա աղետը կանխելու համար։ Այս դեպքում մեղավոր են իշխանությունները, որոնք ոչ միայն կամք չունեն այս «տարելիցից» հրաժարվելու եւ ժողովրդին բացատրելու, որ այսպես չեն ապրում, ինչպես նաեւ, որ մինչեւ հիմա աղետի հետեւանքները դեռ չեն վերացվել։
Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ինչ ասես այն ժողովրդին, որը նորմալ է համարում տասը հազար դրամով քվեն վաճառելը։ Հաստատ նրանք չեն կարող գիտակցել, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ բնական աղետի տարելիցը անդադար նշելը։
Top-News.am