Նալբանդյանն ու Մամեդյարովը քննարկել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձեւաչափով։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։
Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։