Ինչպես են հյուսիսկորեացիները տոնել նոր բալիստիկ հրթիռի փորձարկումը (Տեսանյութ, լուսանկարներ)
Երեկ Հյուսիսային Կորեան իրականացրել է Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումը, ինչի կապակցությամբ հազարավոր հյուսիսկորեացիներ դուրս են եկել փողոցներ՝ արտահայտելու իրենց ուրախությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տասը շաբաթ տևած դադարից հետո Փհենյանը փորձարկել է իր կողմից երբևէ ստեղծված ամենահզոր բալիստիկ հրթիռը, որն ընկել է Ճապոնիայի ափերի մոտ: Երկրի իշխանությունների փոխանցմամբ`Hwasong-15-ը կարող է ծանր միջուկային մարտագլխիկ կրել:
Բացի այդ, հեռուստատեսությամբ հաղորդվել է առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը, համաձայն որի Հյուսիսային Կորեան կազմավորել է երկրի միջուկային ուժերը:
«Hwasong-15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումը ԿԺԴՀ-ի հերոս ժողովրդի անգին հաթանակն է»,-նշել է հեռուստահաղորդավարուհին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին փորձարկված հրթիռը կարող է խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Փորձարկումն իրականացվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի անձնական հրամանով՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից վարվող թշնամական քաղաքականության: Հայտնի է, որ հրթիռն անցել է 950 կմ՝ առավելագույնը բարձրանալով 4.475 կմ-ի վրա:
Դրանից հետո Չինաստանը դիմել է Հյուսիսային Կորեային և ԱՄՆ-ին: Պեկինը Վաշինգտոնին սադրիչ զորավարժություններն ավարտելու կոչ է արել, իսկ Փհենյանին հորդորել է սառեցնել միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Սպիտակ տունը մշակել է 2 փորձարարական ռազմավարական ծրագիր, որոնք կարող են կյանքի կոչվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի իրականացման դեպքում: