Սոբչակի ռոստովյան շտաբում խուզարկություն է իրականացվել
Դոնի Ռոստովում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած Քսենիա Սոբչակի շտաբ է ժամանել ոստիկան՝ շան հետ: Այդ մասին հայտնում է «Դոժդ» լրատվամիջոցը՝ վկայակոչելով շտաբի համակարգող Անաստասիա Շևչենկոյին:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղեկություն ունեն, որ այդտեղ զանգվածային միջոցառում է անցկացվելու, խուզարկություն են անցկացրել, զենք ու զինամթերք փնտրել:
Շևչենկոն նշել է, որ ոստիկանության աշխատակիցը ոչինչ չի գտել և հեռացել է: Նա հավելել է, որ ավելի ուշ շտաբ կժամանեն ոստիկանության մյուս աշխատակիցները:
Սոբչակը նոյեմբերի 29-ին պատրաստվում է ժամանել Դոնի Ռոստով՝ այնտեղ իր նախընտրական շտաբը բացելու համար: Նա պատրաստվում է նաև հանդիպումներ ունենալ կամավորների և աջակիցների հետ:
Հիշեցնենք, որ Սոբչակը հայտարարել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հոկտեմբերի 18-ին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առաջադրվելու է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից: