ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է հյուսիսկորեական նոր հրթիռի արձակումը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, փոխանցում է DW-ն:
Նոյեմբերի 29-ին տարածված հայտարարության մեջ Գուտերեշը Փհենյանին կոչ է արել «զերծ մնալ հետագա ապակայունացնող քայլերից»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Կորեայի գործողությունները համարել է «ՄԱԿ ԱԽ բազմաթիվ բանաձեւերի խախտում, որոնք խափանում են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը»: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը հրթիռի արձակումը բնորոշել է որպես Հյուսիսային Կորեայի «եւս մեկ լուրջ սադրանք» եւ «միջազգային պարտավորությունների անթույլատրելի խախտում»:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) նշել է, որ Փհենյանը կրկին իրեն չի տեղեկացրել ծրագրած հրթիռային արձակման մասին՝ խախտելով 1977 թվականին ICAO-ին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումների լույսի ներքո «առավել, քան երբեւէ կարեւոր է Փհենյանի կողմից միջազգային անվտանգության սպառնալիքին համատեղ դիմակայելը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Ես մի բան կասեմ, որ մենք այդ մասին կհոգանք»: Նա նաեւ շեշտել է, որ հերթական արձակումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը չի փոխի: