Սոչիում միջադեպ է տեղի ունեցել Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունների միջև
Նախօրեին Սիրիայի հարցով Սոչիում տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովին, որին մասնակցում էին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները, միջադեպ է տեղի ունեցել Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունների միջև, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Այդընլըք» պարբերականից:
Նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի թիկնազորը փորձել է դահլիճից դուրս բերել թուրքական պատվիրակության անդամներին, որոնք այստեղ են ժամանել նախատեսվածից ավելի շուտ: Հրմշտոցի վերածված կոնֆլիկտի պատճառով նախագահների հանդիպումը ուշացել է մոտ 10 րոպեով:
Թուրքական պատվիրակությունը, սակայն, այդպես էլ դուրս չի եկել դահլիճից և պնդել է, որ նախնական պայմանավորվածության համաձայն պատվիրակության անդամներն իրավունք ունեն հանդիպման վայր ժամանել մինչ նախագահների գալը: