Բենզինը կրկին թանկացել է
Երեկվանից բենզինի գինը 10 դրամով բարձրացել է։ Դիզելը 370 դրամից դարձել է 380, ռեգուլյար տեսակի բենզինը՝ 400-ից 410, իսկ պրեմիում տեսակի բենզինը 420-ի փոխարեն այսօր արդեն վաճառվում է 430 դրամով։
Նշենք, որ բենզինը վերջին 7 ամսվա ընթացքում 70 դրամով թանկացել է։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում բենզինի թանկացումը երբեք բնական երեւույթ չի եղել։«Մենք շուկայում սկսել ենք գների մոինթորինգներ իրականացնել բացառապես այն դեպքերում, երբ ստատիստիկ թվեր են ներկայացվում եւ մենք վիզուալ արդեն նկատած ենք լինում որոշակի անհամապատասխանություններ հրապարակված թվերի հետ։ Ունենք մեծագույն պրոբլեմ՝ գնաճին արձագանքը ադեկվատ չի, պատկան մարմինների կողմից հիմնավորված չէ, գնաճի կարգավորման մեխանիզմներն այնպիսին են, որ տնտեսվարողները, եթե ազատ գործելու իրավասությունը ստացել են, ապա կարող են անել։ Ըստ էության՝ մրցակցային մարմինը, որը գերիշխող դիրք ունեցողի մոտ գինը հիմնավորված է թե ոչ, դիտարկվում է բացառապես փաստաթուղթ։ Օրինակ՝ նախորդ տարի ապրիլին, երբ բենզինը թանկացավ, ասում էին՝ բենզինը սկսել են թանկ առնել տնտեսվարողները, թղթերով երեւում է, որ իրենք թանկ են առել, մրցակցային մարմինը որեւէ իրավունք չունի ասի՝ բայց Ռուսաստանում բենզինը չի թանկացել, դուք ինչի՞ եք սկսել թանկ առնել։ Ցավոք, սա պետք է կարգավորվի։ Երբ շուկայում գնաճի վերաբերյալ ադեկվատ առաջարկություն չկա, կառավարությունը գոնե գործ անի, մենակ խոսում ա, ունենք այն, ինչ ունենք եւ զարմանալ չի կարելի»,-նշեց Պիպոյանը։