Պետք է շունչներս պահած սպասենք, թե ինչպես է Հայաստան-ԵՄ համաձայնագիրն իրագործվելու. Էլինար Վարդանյան
Հայաստանի հասարակությունից է կախված՝ արդյոք Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի 400 էջանոց փաստաթղթում ներառված լուրջ ռեֆորմներն իրականացվելու են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստան-ԵՄ համաձայնագրին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը՝ ցավով նկատելով, որ հասարակությունը բավական իներտ է դարձել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ, որովհետեւ 2013 թվականից հետո մարդիկ անտարբեր են:
«Մենք փաստաթուղթը ստորագրելու նախաշեմին ենք, բայց դեռ քննարկում ենք՝ ստորագրելո՞ւ ենք այն, թե՞ ոչ: Վաղը կտեսնենք՝ ինչ կլինի, բայց դրանից հետո շունչներս պահած պետք է սպասենք տեսնենք՝ ինչպես է այն իրագործվելու, կյանքի կոչվելո՞ւ է, թե՞ լինելու է հերթական փաստաթղթերից մեկը, որին պարտադրված միանում ենք, բայց չենք իրականացնում»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով համաձայանգրում տեղ գտած կարեւոր հարցերին՝ Էլինար Վարդանյանը հատկապես կարեւորեց սոցիալական խնդիրների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերը. «Համաձայնագիրը մի շարք ստանդարտ ձեւակերպումներից բացի, կոնկրետ լուծումներ է առաջարկում նաեւ սոցիալական ոլորտում: Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված եզրույթի մասին այստեղ խոսք կա, իսկ դուք գիտեք, որ Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա, որոնց գոնե ընտրությունից ընտրություն առնչվում ենք: Եթե իրականում կիրառվեն այն ստանդարտները, որոնք նախատեսված են այս բանաձեւերով՝ հնարավորություն կտրվի հիմք դնելու արժանապատիվ աշխատանք ունենալուն: Առանձին դեպքերում մարդիկ աշխատողներին որպես իրենց ստրուկների են վերաբերում, մինչդեռ համապատասխան ստանդարտների կիրառման ու տեղայնացման արդյունքում այն կարող է լուրջ արդյունքներ տալ»,-ասաց նա: