Ռադայի պատգամավորը ուղիղ եթերում փորձել է ծեծել Սաակաշվիլիին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ Ուկրաինայի խորհրդարանի «Արմատական կուսակցության» պատգամավոր Իգոր Մոսիյչուկը ուկրաինական NewsOne ալիքի եթերում ծեծկռտուք են սարքել կաշառակերության եւ «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության» առաջնորդ Ստեփան Բանդերայի մասին վեճի պատճառով։
Իգոր Մոսիյչուկը Սաակաշվիլիին հարցրել է, թե նա Բանդերային կո՞ղմ է, թե՞ դեմ։ Սաակաշվիլին դրան պատասխանել, թե ինքը Ուկրաինային է կողմ։
«Եթե Բանդերան ողջ լիներ, նա առաջին հերթին կաշառակերներին կոչնչացներ»,- ասել է Սաակաշվիլին։
Սակայն պատգամավորը նրան մեղադրել է կաշառակերության մեջ եւ հենակով նրան մոտեցել։
«Դուք, Սաակաշվիլի, Շեւարնաձեի ընկերության հետ ամսական 200 հազար եք ստացել։ Վճարումներ են եղել։ Նրա զարմիկը դրանք հրապարակել է։ Դուք նույնպես Վրաստանում կաշառակերությամբ եք զբաղվել, Դուք նույնպես կոռուպցիոներ եք»,- ասել է Մոսիյչուկը։
Պատգամավորի ճանապարհը փակել է հաղորդավար Վասիլի Գոլովանովը, որը մեջքով փակել է Վրաստանի նախկին նախագահին։
Մոսիյչուկը հավելել է, որ Սաակաշվիլին իրավունք չունի Ուկրաինայում քաղաքականությամբ զբաղվել։