Ռուսաստանը ՄԱԿ-ում մերժում է Սիրիայի հարցով Արևմուտքի կազմած բանաձևերը
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ի հետաքննությունը «մեռելածին» է, սակայն «Ռուսաստանը բաց է Արևոմւտքի հետ նոր մեխանիզմ մշակելու քննարկման համար»:
Այդ մասին Նեբենզյան հայտարարել է երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո: Ռուսաստանը վերջին շրջանում մի քանի անգամ արգելանք է դրել Սիրիայի հարցով Արևմուտքի կազմած բանաձևերի նախագծերի վրա:
Նեբենզյան հայտարարել է, թե Սիրիայում քիմիական զենք օգտագործելու համար նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրող քննչական խումբն «ամբողջությամբ վարկաբեկվել է»:
Միացյալ Նահանգները և արևմտյան դաշնակիցները պնդում են, որ Ռուսաստանը վետո է սահմանում, քանի որ ըստ քննիչների, Ասադի վարչակարգն է պատասխանատվություն կրում քիմիական զենք օգտագործելու համար:
Սիրիայում քաղաքացիական պատերազմում ավելի քան 330 հազար մարդ է սպանվել, միլիոնավոր բնակիչներ տեղահանվել կամ արտագաղթել են:
Ռուսաստանն անցած շաբաթ երկու անգամ վետո է դրել Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձչի վրա, իսկ այս շաբաթ մերժել է Շվեդիայի և Ուրւոգվայի համատեղ կազմած օրինագիծը: