Տավուշում նորածնի սպանության կասկածանքով տատը ձերբակալվել է
Տավուշի մարզում սեպտեմբերի 27-ին նորածնի մահվան պատճառը պարզվել է. ըստ փորձագետի՝ պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 27-ին ժամը 05:10-ին Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել մարզի 33-ամյա բնակչուհին: Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 57-ամյա կնոջ ներկայությամբ։
Նախնական տվյալներով՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։
Քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ պտուղը եղել է կենդանածին, իգական սեռի, հասուն և կենսունակ և գտնվել զարգացման 36-38 շաբաթական շրջանում։
«Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»,- նշված է եզրակացության մեջ։ Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ:
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից: Վերջինս այսօր ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am